Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման արդյունավետությունը. Վալերի Սեմերիկով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է կազմակերպության քարտուղարության նոր ղեկավարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը:
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների՝ Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած քննարկման արդյունքում մի քանի մոտեցում կա, այդ թվում և Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ նախատեսված ռոտացիոն սկզբունքի կիրառումը՝ ըստ ռուսական այբուբենի (այդ դեպքում հաջորդ երկիրը Բելառուսն է): Հենց այդ սկզբունքի մասին է ասել Ղազախստանի նախագահն՝ ամփոփելով Աստանայում կայացած քննարկման արդյունքները: Մյուս դիրքորոշումը մինչև եռամյա ժամկետի ավարտը Հայաստանի ներկայացուցչին նշանակելն է: Շատ երկրներ հարցականի տակ են դնում այդ քայլի արդյունավետությունը», - ասվում է Սեմերիկովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Վալերի Սեմերիկովը հավելել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը կշարունակի այս հարցի դիտարկումը կառուցողական փոխհամագործակցության և դաշնակցության ոգով:
«Միևնույն ժամանակ ցանկանում եմ հատկապես շեշտել, որ որոշումն ամեն դեպքում կընդունվի ՀԱՊԿ վեց անդամ երկրի ձևաչափում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - հավելել է ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նա ընդգծել է, որ Աստանայում կայացած գագաթնաժողովի ավարտին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամները կշարունակեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումը: