Արսեն Թորոսյանը կրկին հորդորում է պատվաստվել՝ առողջական խնդիրներից զերծ մնալու համար
Բոլոր երկրներն էլ առնչվում են պապիլոմավիրոսի հետ, ուզում են ավելի լավ ցուցանիշներ գրանցել դրա դեմ պայքարում, որովհետև դա ի վերջո բերելու է իրենց կանանց կյանքերի փրկմանը: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը դեռ պատվաստումների ճանապարհն է տեսնում այդ խնդրի լուծման համար:
«Ես երեկ Դոհայում էի, Կատարում՝ մի առողջապահական ֆորումի, որի ժամանակ Թունիսի հանրային առողջապահության գործակալության տնօրենը նման հարց տվեց, թե ինչպես կարող են ներկաներն օգնել Թունիսին՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման մեծ ծածկույթ ապահովելու համար: Օրինակ բերեց Ավստրալիան, որը հայտարարել է, որ 2028 թվականին ամբողջովին կվերացնի արգանդի վզիկի քաղցկեղը հենց պատվաստումների շնորհիվ: Դրանից լավ պատասխան Ձեր հարցին չէր կարող լինել»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքերով՝ էական չէ՝ այդ ծառայությունը կլինի վճարովի՞, թե՞ անվճար: Նա առավել կարևորում է առողջապահական համակարգի վճարման մեխանիզմները:
Նշենք, որ այս պահին մեր երկրում պատվաստումները կատարվում են անվճար:
«Ես վերջին անգամ պատվաստվել եմ ուղիղ 36 տարեկան դառնալուս օրը՝ այս տարվա հունիսին, դիֆտերիա և փայտացում: Այդ ժամանակ նույնիսկ ուղիղ եթեր եմ արել: Այսօր ես ուզում էի պատվաստվել գրիպի դեմ հենց մեր նախարարությունում, որովհետև մենք ֆլեշմոբ ենք որոշել անել: Մեր անձնակազմից 40 հոգի պատվաստվեց, պարզապես կառավարության երկար նիստը թույլ չտվեց հասնել: Հավանաբար կգնամ պոլիկլինիկա»,- ասաց ԱՆ պաշտոնակատարը:
Թորոսյանի խոսքերով՝ սեզենային գրիպի պատվաստումները հարյուրհազարավոր կյանքեր են փրկում աշխարհում, քանի որ ամեն տարի ունենում ենք գրիպի նոր շտամեր:
Նա կոչ արեց ամեն տարի պատվաստվել գրիպի դեմ՝ տեղեկացնելով, որ նախորդ տարվա պատվաստումը չի ազդում նոր շտամերի վրա: Նա նաև տեղեկացրեց, որ իր երեխաները դեռևս որևէ պատվաստում բաց չեն թողել: