Կլինի՞ արդյոք գազի գնի իջեցում. պարզաբանում է Թադևոսյանը
«Ներկա փուլում Հայաստան ներկրվող գազի՝ 2019թ. սակագնի համար ավարտական արդյունք չկա»,- նոյեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
Նա պարզաբանել է, որ գազի սակագինը որոշելիս հիմք է ընդունվում ընկերության մարժան՝ ընկերության ծախսերը, և ներկրման արժեքը, իսկ ներկրման գինը որոշվել է և միշտ որոշվելու է միջպետական կառավարման համաձայնագրերով:
«Այս փուլում ՀՀ կառավարությունը վարում է բանակցություն ՌԴ կառավարության հետ, որին մենք չենք մասնակցում և այդ համաձայանգրերի հիման վրա սահմանվում են մեխանիզմներ և գին, որը հիմք է հանդիսանում ինչպես «Գազպրոմ-Արմենիայի», այնպես էլ ռուսական «Գազէքսպորտ» ընկերության համար: Դրանից հետո կնքվում է պայմանագիր, որը բազմակողմ է և պայմանագրի հիման վրա կատարվում է գազի վերջնական սակագնի ձևավորում»,- ասաց Հրանտ Թադևոսյանը:
Նա նաև հիշեցրեց, որ 2016թ. հուլիսից մինչ այժմ 2 անգամ գազի սակագնի նվազեցում է եղել: