Հակոբ Արշակյանն ու «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպել են ու դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին մինչև կառավարության նիստի սկսելը մոտեցել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարը: Զրույցը նախ ծավալվել է ղեկը աջից ձախ փոխել-չփոխելու վտանգավորության մասով.
«Դուք գիտեք, որ ղեկը փոխելու թանկ ձևեր կան, էժան ձևեր կան, թանկ ձևերով հնարավոր է ինչ-որ կերպ սերտիֆիկացված ձևով փոխել»,- ասել է Հակոբ Աշակյանը:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հարցրել են նախարարին, թե այդ դեպքում կարելի՞ է ասել, որ մենաշնորհ է հաստատվելու՝ ղեկերն աջից ձախ փոխելու հարցում.
«Ժողովուրդ ջան, էդ հիմնարկը դուք բացեք, լավ բիզնես է, դուք արեք, ի՞նչ խնդիր կա»,- պատասխանել է Արշակյանը, ինչին ի պատասխան, նախաձեռնության անդամներն ասել են, որ իրենք դա անելու ցանկություն չունեն:
Նախարարի պաշտոնակատարն ու նախաձեռնության անդամներն անդրադարձել են նաև այն ցուցանիշներին, որոնք հիմք են դարձել աջ ղեկով մեքենաների մուտքը ՀՀ արգելելու համար:
«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, ոստիկանությունը հայտնել է, ՊԵԿ-ն առաջարկել է որոշակի ռեժիմ, մենք համաձայնել ենք, սարքել ենք կառավարության որոշման նախագիծ և դրել շրջանառության մեջ, ղեկ փոխելուն ուրիշ ընթացակարգերով մենք կհետևենք»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ մշակված օրինագիծն այսօրվա նիստում չկա, նախանիստով պետք է անցնի, նոր մտնի նիստի օրակարգ: