ՔԿՀ-ներում անմարդկային վերաբերմունք կրած մարդկանց բարոյական փոխհատուցում է պետք տալ. Մարուքյան
Խորհրդարանի նոյեմբերի 15-ի նիստում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունելու հարցը: Մարուքյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն, առաջարկվում է նաև, որ այս օրենքն ունենա հետադարձ ուժ, որպեսզի այն քաղաքացիները, որ համաներման ակտով որևէ կերպ չեն զգացել փոփոխությունների շունչը, զգան, որ Հայաստանում բան է փոխվել:
Մարուքյանը հիշեցրեց, որ ՔԿՀ-ներում եղել է գերբեռնվածություն, մարդիկ հերթով են քնել, ուստի պետք է դեռ ՔԿՀ-ներում գտնվող անձանց կրած անմարդկային վերաբերմունքին որևէ կերպ բարոյական փոխհատուցում տալ՝ կալանքի ժամկետը այս կերպ հաշվարկելով:
Նա ասաց, որ հայտնի փաստ է՝ Հայաստանում կալանքի խափանման միջոցի կիրառման աննախադեպ թիվ է եղել, ու թեպետ այժմ այդպես չէ, դատարաններն էլ ավելի շատ են գրավներ կիրառում, իսկ ապագայում կլինեն այլընտրանքային խափանման միջոցներ ևս, բայց ինքը ցանկանում է անդրադառնալ ոչ այդքան ապագային, որքան անցյալին, այսինքն՝ այս պահին ՔԿՀ-ներում գտնվող անձանց, ովքեր կրել են այդ անարժանապատիվ վերաբերմունքը: