Շահումով խաղերով հրապուրվելը սահմանափակվում է նախ գովազդի սահմանափակմամբ. Խոսրով Հարությունյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 15-ին խորհրդարանում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ իր կարծիքն անփոփոխ է՝ այս ոլորտում երիտասարդների, երեխաների, անչափահասների գայթակղությունը, հրապուրվելը սահմանափակելու ճանապարհը նախ սկսվում է գովազդի խիստ սահմանափակմամբ:
«Օրենքի նախագիծը, որ ներկայացվել է, ստացել է հանրային մտահոգությունները բավարարելու տեսանկյունից լիարժեք բովանդակություն, ամենակարևորը՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով խիստ սահմանափակվում է վիճակախաղերի, տոտալիզատորների, շահումով խաղերի գովազդումը, այն նախատեսված է 24:00-06:00-ն, անգամ տևողությունն է սահմանափակված: Քննարկվում էր անգամ գովազդը հանելու հարցը, բայց, հաշվի առնելով, որ ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ հեռուստաընկերությունների համար, որոշեցինք առայժմ այս սահմանափակումները թողնել»,- ասաց նա:
Հարությունյանը հայտնեց, որ արգելվում է շահումով խաղերի գովազդը բոլոր մշակութային, մանկապատանեկան, լրատվական կայքերում, ինչպես նաև սոցկայքերում: