Ինտերնետ շահումով խաղերը միայն իրենց կայքերում կարող են գովազդվել. Թամազյան
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Կարեն Թամազյանը նոյեմբերի 15-ին խորհրդարանում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ նշեց, որ այն մեծ քայլ է հարցի կարգավորման, գայթակղության զսպման ուղղությամբ:
Թամազյանը հայտնեց, որ Կառավարությունն ունեցել է առաջարկներ, որոնք քննարկվել են թե՛ հեղինակի, թե՛ հանձնաժողովի կողմից:
Նա հակիրճ նշեց, որ նախագծին մեծ մասնակցություն է ունեցել նաև ՄԻՊ գրասենյակը, թվարկեց ՄԻՊ առաջարկները՝ նախագծում հետևյալ արգելքները ներառելու մասին, այն է՝ պետք է արգելվի որևէ կերպ դիմել անչափահասներին, տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերական եկամուտ, շահույթ ստանալու հնարավորություն կամ այլընտրանքային աշխատանք, ցույց տալ, թե այդ շահույթ ստանալը երաշխավորված է և այլն, այսինքն՝ բացի ժամային սահմանափակումներից, նաև բովանդակային սահմանափակումներ կան:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ինտերնետ շահումով խաղերը միայն իրենց կայքերում կարող են գովազդվել: