Մենք մինչև վերջ բողոքելու ենք. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին Կառավարության դիմաց
Այսօր «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանք դժգոհ են, որ կառավարությունն առաջարկում է աջ ղեկով ավտոմեքենաները նշված ժամկետում դարձնել ձախ ղեկով:
«Նախկինում օրենք է ընդունվել սխալ փաստերի հիման վրա: Արգելքի ժամկետ է դրված եղել, բայց հիմա մեզ ասում են՝ չի եղել: Տրանսպորտի նախարարությունը պարտադրում է մեզ տանել «զափչաստ» առնել, էս անել, էն անել: Մենք մինչև վերջ բողոքելու ենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ այլ մասնակից էլ նշել է, որ տրանսպորտի փոխնախարարը, ով ակցիայի մասնակիցների խոսքով՝ աջ ղեկով մեքենա է վարում, իրենց խոսքով ղեկը չի վերասարքավորի և դարձնի ձախ ղեկ:
Ակցիայի մասնակիցներին հանդիպել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Նա փոխանցել է իր հեռախոսի համարը և խոստացել վաղն ընդունել որոշումից դժգոհ վարորդներին:
«Մինչև վաղը ամեն ինչ կպարզեմ: Կփորձենք այնպիսի լուծում գտնել, որ բոլորին հարմար է»,- ասել է Սիսեռյանը:
Շենքից դուրս է եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը: Ակցիայի մասնակիցները նրան էլ հորդորել են զբաղվել հարցով: Սարգսյանը նշել է, որ իրենք առաջարկում են 1 տարում փոխել ղեկը և օգտագործել մեքենան:
«Մենք դեմ ենք դրան: Դուք ուզում եք մեքենան դառնա վթարայի՞ն: Դա ավելի վտանգավոր է, քան «քաչալ պագռիշկայով» մեքենա վարելը»,- հակադարձեց ակցիայի մասնակիցներից մեկը