Ձեր ասածն անհնար է ինտերնետի դարում. Ալեն Սիմոնյանը պատասխանել է Ֆարմանյանին
Երբ մի հարց ուզում ես լուծել, չպետք է այն կտրես: Այսօր խորհրդարանում՝ ելույթների ժամանակ, այսպես խոսեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանին: Խոսքը վերաբերում էր օրենսդրական նախաձեռնությանը:
ԱԺ-ն այսօր քննարկում է նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ՀՀ-ում արգելել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը: Ելույթի ժամանակ նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը նշել է, որ նախատեսվող արգելքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին, այդ թվում նաև դրանց՝ համացանցում իրականցվող գործունեությանը:
«Ձեր ասածն անհնար է ինտերնետի դարում, դուք չեք կարողանալու փակել բոլոր կայքերը: Երբ դուք խոսում եք մեկ կամ երկու կազմակերպության գերիշխող դերի մասին, դա նույնպես անհնար է, որովհետև դու չես կարող արգելել որևէ մեկին ինտերնետ կայք ունենալ: Անհնար է ընդհանրապես խոսել ստվերի բացակայության մասին, ստվեր լինելու է, որովհետև մարդու էության մեջ կա, և մարդը ցանկություն է ունենալու Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի ժամանակ խաղադրույք անել Հայաստանի հաղթանակի վրա 1000 կամ 2000 դրամ»,- ասաց նա:
Սիմոնյանն առաջարկեց միանալ այն օրենսդրական նախաձեռնությանը, որն Ազգային ժողովում առկա է, և այն ներկայացրել են գործող չորս խմբակցություններից երեքը՝ ոլորտը կարգավորալու և խնդիրները լուծելու համար: