Բաթումի և Փոթի նավահանգիստներից օգտվելու սակագները կվերանայվե՞ն. պարզաբանում է Ավինյանը
ԱԺ ընթացող հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հետաքրքրվեց, թե նախատեսվու՞մ է առաջիկայում Հայաստանի և Վրաստանի միջև բանակցությունների այնպիսի գործընթաց, որ վերանայվեն Բաթումի և Փոթի նավահանգիստներից օգտվելու սակագները:
Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ շուտով նախատեսվում է վրացական կողմի հետ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել:
«Արդեն որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել նավթամթերքի, բենզինի, դիզվառելիքի ոլորտում, համահարթեցվել են մեր նախնական պայմանավորվածությամբ, շուկան ազատականացվել է: Յուրաքանչյուր նման քննարկում ենթադրում է որոշակի բանակցային գործընթաց և, իհարկե, մեր նախնական խնդիրն այդ առումով եղել է, որ հայկական շուկա ներմուծվող ապրանքների համար որևէ արհեստական խոչընդոտ ստեղծված չլինի տնտեսվարողների համար: Կարծում եմ՝ այդ խնդիրն արդեն լուծված է: Սակագների մասով՝ քննարկման առարկա է: Այդ ամենը բանակցությունների սեղանին դրված են»,- ասաց Ավինյանը: