Խնամի, ծանոթ, բարեկամ տրամաբանությունից դրդված որևէ որոշում չի կայացվել. Սիմոնյանը՝ ցուցակների կազմման մասին (տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքի ցուցակը չի հիասթափեցնի: Այս մասին խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Խնամի, ծանոթ, բարեկամ տրամաբանությունից դրդված որևէ որոշում չի կայացվել: Ցուցակում կա 170-ից ավելի մարդ: Սկզբունքը եղել է հետևյալը․ նախ՝ դիմել են, ցանկություն հայտնել, հետո մեր վարչության անդամներն առաջարկներով են հանդես եկել, այդ մարդկանց հետ մենք անցկացրել ենք հարցազրույց, այդ մարդկանց հետ օրեր շարունակ հանդիպել ենք, քննարկել ենք, ունեցել ենք չափանիշներ, այդ չափանիշներով գնահատել ենք և ըստ գնահատականների՝ հետագայում կազմել ենք ցուցակներ»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքերով՝ շատ մարդկանց էլ իրենք են առաջարկներ արել, և այդ մարդիկ ընդգրկվել են ցուցակում:
«Տեսել ենք, թե քաղաքական ինչ ճանապարհ է անցել, վստահությունն ենք գնահատել, գնահատել ենք նրա աշխատանքն ապագա Ազգային ժողովում: Նայել ենք նաև անցած ճանապարհը, արդյոք նա այս կամ այն կերպ խառնված է եղել կոռուպցիայի մեջ»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց՝ ցուցակը կազմել են հաշտ ու խաղաղ մթնոլորտում:
«Եզակի դեպքերից է եղել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սիրո և համերաշխության, առանց իրար հետ վիճելու, բղավելու և առանց բուռն քննարկումների ցուցակ է հաստատել: Ասեմ ավելին, ցուցակը կազմվելուց հետո չնչին փոփոխություններ են եղել»,- ասաց նա: