Տեսչական մարմինները դիտվում են որպես պատժիչ գործիք. Խոսրով Հարությունյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը խորհրդարանում նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ մեծ մտահոգություն ունի՝ կապված տեսչական մարմինների գործունեության ֆունկցիոնալ գնահատման հետ: Նրա խոսքով՝ մեզանում հաճախ տեսչական մարմինները դիտվում են որպես գործիք, ինստիտուտ, հնարավորություն՝ որևէ օրենսդրական ակտի կամ ընդունած օրենքի իրականացման ընթացքի վերահսկման և վերահսկման խախտման դեպքում պատժելու, պատժամիջոցներ կիրառելու առումով, այսինքն՝ տեսչական մարմիններին շատ դեպքերում որպես պատժիչ հնարավորություն, գործիք են ընկալում:
Ըստ պատգամավորի՝ հենց այդ տեսանկյունից տեսչական մարմինները երբեմն այսպիսի մեկնաբանությունների հիման վրա դուրս են բերվում այն նախարարությունների ուղղակի վարչական ենթակայությունից, որոնք պատասխանատվություն են կրում տվյալ ոլորտի համար:
«Խորապես համոզված եմ՝ մեր սահմանադրությամբ սահմանված է, որ նախարարությունները պատասխանատու են այդ ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման ապահովման համար, իսկ տեսչական մարմիններն այդ ապահովումը երաշխավորող գործիքներն են, որոնք չեն կարող դուրս գալ նախարարության ենթակայությունից, հայտնվել մեկ այլ կառույցի կամ պաշտոնյայի ենթակայության տակ»,- ասաց նա: