Պատրաստ եմ հետաքրքիր պայքարի. Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցնելու են ազատ և թափանցիկ, խոչընդոտող որևէ հանգամանք չկա: Հարությունյանը նշել է նաև, որ այս տարի ուսուցիչներն անկախ կլինեն և պարտավոր չեն ներգրավվել ընտրական գործընթացներում:
«Դպրոցներն ապաքաղաքական են, և ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ ներգրավվելու ընտրություններին: Ուրախ եմ դրա համար: Դա անմիջապես ազդել է կրթության որակի վրա: Ընտրություն կեղծող ուսուցիչը չէր կարող քաղաքացի դաստիարակել»,- ասաց նա:
Հարությունյանը տեղեկացրեց, որ ինքն առաջադրվել է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում:
«Նախորդ ընտրություններին էլ եմ այնտեղ առաջադրված եղել: Շատ լավ գիտեմ էլեկտորատը: Պատրաստ եմ հետաքրքիր պայքարի: Իմ թիմը մի քանի հետաքրքիր լուծումներ ունի, կարծում եմ՝ ձեզ էլ դուր կգա»,- ասաց նա: