Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին կանվանակոչվի՞ Ռաֆայել Լեմկինի անունով
Երևանի քաղաքապետին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ խնդրելով Ռաֆայել Լեմկինի անունով անվանակոչել Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին կամ Վարդանանց փողոցի փակուղին:
«Միջնորդությունը ներկայացվել է Երևանի ավագանու մշակույթի, կրթության և մշտական հանձնաժողով և այնտեղից առաջարկվել է Լեմկինի անունով անվանակոչել բաղրամյան պողոտայի առաջին փակուղին: Առաջարկվող նախագծի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը տրամադրվել են ավագանու անդամներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին և տրվել է գլխադասային հանձնաժողովին, որտեղից ստացվել է դրական եզրակացություն: Ունենք նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված փորձագիտական եզրակացություն, համաձայն որի՝ որոշման նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:
Ավագանու անդամներից մի քանիսը հարցրեցին՝ ինչպե՞ս է փակուղին անվանակոչվելով դառնում փողոց: Հարցի վերաբերյալ տարբեր դիտարկումներից հետո առաջարկվեց 15 րոպե ընդմիջում՝ քվեարկության անցնելուց առաջ:
Քննարկումներից հետո քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց հարցը հանել օրակարգից: Այն կքննարկվի արտահերթ նիստի ժամանակ: