Հողազավթումը գողություն է երկրից, դա մեր բոլորի ունեցվածքի գողությունն է․ Մեսչյան (տեսանյութ)
«Հողազավթումը գողություն է երկրից, դա մեր ունեցվածքի գողություն է, մեր բոլորիս ունեցվածքի գողությունն է․ մի՛ արեք։ Հողազավթումը վերջացավ, տղե՛րք, ոչ մի քառակուսի մետր հող մի՛ զավթեք, որովհետև պրոբլեմ եք ունենալու», – Երևանի ավագանու այսօրվա նիստից առաջ այս խոսքերով է Երևանի գլխավոր ճարտարապետը բնորոշել քաղաքում կատարվող հողազավթումներն ու, ընդհանուր առմամբ, իրականացվող ապօրինի շինարարությունը։
Արթուր Մեսչյանը հորդորեց մոռանալ այն սխեման, որ կարող են շինարարությունն իրականացնել, հետո կառույցն օրինականացնել։ Անդրադառնալով երեկ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից Երևանի մի քանի կետերում ապօրինի կառուցված շենքերի քանդմանը՝ Մեսչյանը նշեց, որ և՛ հողն է զավթվել, և՛ շինություններն էին ապօրինի․ հետո ուղղեց ինքն իրեն։
«Այո, (հողի) մի մասը, այո (սեփական է)։ Իմիջիայլոց, էն մասը, որ հողը սեփականության տակ էր, ինչպես տեսաք, դա չքանդվեց։ Քանդվեց մենակ էն մասը, որ կառուցած էր հողազավթման տարածքում»,- ասաց Մեսչյանն ու շտապեց իր տեղը զբաղեցնել ավագանու նիստին մասնակցելու համար։