7 ամիս աջակցել ենք, որ հեղափոխությունը հանկարծ որևէ ձևով չվտանգվի․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է ընտրությունների ընթացքում ստանալ պատասխանատվության այն բաժինը, որն ընտրողները պատրաստ են հանձնել իրենց։ Կուսակցության ղեկավարն ակնկալում է, որ իրենք կլինեն խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց ինքը՝ Մարուքյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև Հանրապետական կուսակցության գործիչների այն պնդումներին, ըստ որոնց՝ Մարուքյանի թիմն ընդդիմադիր չէ, հետևաբար՝ միակ ընդդիմությունը Հանրապետականն է։
«Ինչ վերաբերում է հանրապետականներին, այ, որ իրենք ասում են՝ 7 ամիս չեն քննադատել … ի՞նչը քննադատեինք։ 7 ամիս սաբոտաժ անեինք, հա՞։ Մենք 7 ամիս աջակցել ենք, որ հեղափոխությունը հանկարծ որևէ ձևով չվտանգվի։ Իրենք ամեն ինչ արել են, որ վտանգվի, ինչ-որ բաներ ջուրը լցվեն, պրոցեսներ գնան ընդհակառակը՝ դեպի թարս գնացող։ Մենք թույլ չենք տվել։ Դրանից շատ մարդիկ խռոված են, նեղված են, ասում են՝ բա եթե տենց էր, ինչի՞ մեր հետ սաբոտաժ չէիք անում։ Կարող է՝ դրանից են նեղացել», – հայտնեց Մարուքյանը։
Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իրենք հեղափոխությանն աջակցել են և՛ խորհրդարանում, և՛ դրսում, բայց դա չի նշանակում, որ ընտրությունների ժամանակ չունեն իրենց առանձին ուղին ու մոտեցումները։