Շատ ենք կարևորում Հայաստանում կայանալիք մրցաշարը. Գերմանիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ
Նոյեմբերի 14-20-ը, Երևանում կկայանա ընկերական մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականները:
Մրցաշարն անցկացվելու է 2019 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում:
Գերմանիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Գվիդո Շտրայխսբիրը Գերմանական ֆուտբոլի միության պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է մրցաշարի կարևորությունից.
«Անհամբերությամբ ենք սպասում Հայաստանում կայանալիք մրցաշարին և շատ ենք կարևորում այն, չէ՞ որ այս խաղերը մեզ համար վերջինն են նախքան 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումները: Մեր վերջնական նպատակն է մասնակցել 2019 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Կարևոր է, որ մենք առաջիկա օրերին հնարավորություն կունենանք ծանոթանալու առաջնությունը հյուրընկալող երկրի իրավիճակին և պայմաններին: Պորտուգալիայի, Հոլանդիայի և ընդունող Հայաստանի հետ հանդիպումները բարդ փորձություններ են, սակայն ֆուտբոլիստների զարգացման համար հենց նման խաղեր են անհրաժեշտ»,- ասել է Շտրայխսբիրը: