Բնակելի ֆոնդը ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական խնդիր է. Մեսչյան
Բնակելի ֆոնդը ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական խնդիր է: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ խոսեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նրա խոսքով՝ քանի որ կա հայրենադարձության պետական ծրագիր, կա բնակիչներին բնակֆոնդով ապահովելու խնդիր, միակ ճանապարհն է՝ ճարտարապետության և շինարարության մոտեցումներն ավելի ժամանակակից դարձնել:
«Եկեք սկսենք աշխատել որպես 21-րդ դարի ճարտարապետներ ու շինարարներ: Բարաքները մեր քաղաքի կենտրոնից հավաքենք, իսկ դրանք շատ-շատ են: Ամբողջ Սարալանջը բարաքներ են: Այդ տները մեծամասամբ անօրինական են: Խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ ճանապարհով գնալ, որպեսզի մենք վաղը կարողանանք այդ տարածքները մաքրել և այնտեղ շինարարություն իրականացնել: Առաջին հերթին այդ բնակիչների սեփականության իրավունքները պետք է վերականգնել: Այն մարդիկ, ովքեր, վատ վիճակից ելնելով, 90-ականներին ինչ-որ կառույցներ են արել, մեջն ապրում են, այդ մարդկանց զրկել այսօր օրինականությունից, պարզապես ողբերգություն է: Վաղը կառուցապատողը կգա, այդ տարածքում շինարարություն կանի, և այդ մարդիկ բառի բուն իմաստով կմնան դրսում»,-ասաց նա:
Մեսչյանը հիշեցրեց՝ նախօրեին ապօրինի կառույց է ապամոնտաժվել, բայց դա չի նշանակում, որ օրինականացումը որպես քաղաքականություն վերացնում են:
«Օրինականացման հանձնաժողովը պետք է աշխատի գիշեր-ցերեկ, համայնքների ղեկավարներն էլ այդ հարցում պետք է օգտակար լինեն»,-ասաց նա: