ՀՖՖ-ն դիտարկում է Երևանում 33 հազար հանդիսականի համար նախատեսված «Ազգային» ստադիոն կառուցելու նախագիծ. Արթուր Վանեցյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է Երևանում 33 հազար հանդիսականի համար նախատեսված «Ազգային» ստադիոն կառուցելու նախագիծ: Այդ մասին լրատվամիջոցների խմբագիրների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Առաջիկայում ՀՖՖ-ն կընդունի պոտենցիալ ներդրողների և ավելի հստակ կներկայացնի ծրագիրը, որը հավանության է արժանացել նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի կողմից:
«Ինֆանտինոն նշեց նաև, որ կժամանի նոր ստադիանի բացմանը և ինքը կտեղադրի առաջին քարը, ինչպես նաև կնպաստի, որ այնտեղ անցկացվեն կարևոր խաղեր և մարդիկ գան Հայաստան»,- ասել է Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով «Հրազդան» ստադիոնի ճակատագրին՝ Արթուր Վանեցյանը հայտնել է, որ այն 26 միլիոն դոլար պարտքի դիմաց գրավադրված է HSBC բանկում: Այդ գումարը վճարելուց բացի, անհրաժեշտ կլինի նաև մոտ 100 միլիոն դոլարի ներդրում «Հրազդանը» միջազգային չափանիշի հասցնելու համար: Սակայն ստադիոնի տեղն ու հաղորդակցության խնդիրները ևս կարող են հետագայում խանգարել դրա շահագործմանը: