Հայաստանը հիմա գլխավորում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը․ շատ չէ՞ ծանրաբեռնվածությունն անցումային երկրի համար․ Լուկաշենկո
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի համար Բելառուսն ունի երեք թեկնածություն, բայց հարցը կլուծվի դեկտեմբերի 6-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Բայց Բելառուսի կողմից թեկնածության առաջադրումը չի նշանակում, որ Բելառուսը ճնշել է Հայաստանին, կամ որևէ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի դեսպանի ընդունելության ժամանակ:
«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես պետք է իրավիճակը քննի կառավարությունում, որովհետև այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունը, և ՀԱՊԿ-ը․շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որն այսպիսի անցումային շրջանում է։ Կկարողանա՞ գլուխ հանել Հայաստանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա պարզաբանել հարցը ու պատասխան տալ մեզ, ապա դա կլինի Սանկտ Պետերբուրգում», – ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ որոշումների համաձայն՝ 2016 թվականին այբբենական կարգով Հայաստանին էր վերապահվել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության առաջադրումը։ Այդ թեկնածուն պետք է պաշտոնավարեր 3 տարի։ Սակայն այդ պաշտոնին նշանակված Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո իրավական բաց կա՝ մի կողմից Հայաստանին մեկ անգամ էր վերապահված թեկնածու առաջադրելը, մյուս կողմից՝ Հայաստանի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարեր 3 տարի։
Որպես այբբենական կարգով հաջորդ պետություն՝ հաջորդ թեկնածուին հիմա փորձում է առաջադրել Բելառուսը, իսկ Հայաստանը փորձում է պահել իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունը։ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների՝ օրերս Աստանայում կայացած հանդիպման ընթացքում այդպես էլ միասնական որոշման գալ չէր հաջողվել, ինչի հետևանքով գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 6-ը, երբ Պետերբուրգում հերթական անգամ կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողով։