Հս. և Հրվ. Կորեաները սկսել են սահմանային հսկիչ-պահակակետերի ապամոնտաժումը
Հյուսիսային և Հարավային Կորեաները երկու պետությունների միջև սահմանային լարվածության նվազման նպատակով սկսել են սահմանի երկայնքով տեղադրված հսկիչ-պահակակետերից 20-ի ապամոնտաժումը:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, համապատասխան համաձայնագիրը կնքվել էր հոկտեմբերի վերջին: Սեուլն ու Փհենյանը պայմանավորվել էին, որ յուրաքանչյուրը 10-ական հսկիչ-պահակակետ կհեռացնի սահմանից:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ հարաբերությունների կարգավորման ֆոնին երկրներն ապառազմականացված գոտուց հեռացրել են զինվորներին ու նրանց սպառազինությունը:
Վերջին ամիսներին Հարավային Կորեան վարում է Հյուսիսի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն, որի նպատակն է Կորեական թերակղզում լարվածության թուլացումը, ամբողջական ապամիջուկայնացումը:
Հայտնի է, որ երկու պետությունները 1953թ. ավարտված Կորեական պատերազմից հետո շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ: Նրանց միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել. այժմ գործում է հրադադարի ռեժիմ: