Հանրապետականը բացահայտել է իր բացթողումներն ու թերացումները
ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության նախագծի մեջ կուսակցությունը բացահայտում է այն թերացումները և բացթողումները, որոնք եղել են իրենց կառավարման տարիներին։ Առաջին մի քանի կետերը այդտեղ վերաբերում են ներքին կուսակցական խնդիրներին։
«Կուսակցության անդամակցությունը դարձավ իշխանության հետ նույնականանալու միջոց: Կուսակցությանն անդամագրվեցին նաև գաղափարական հենքը չկիսող, կուսակցության արժեքները չգիտակցող և կուսակցական տոմսը որպես «թողության գիր» օգտագործող անձինք», – նշվում է փաստաթղթում։
Կուսակցությունում ընդունում են, որ երբեմն առողջ քննադատությունը ընդունել են որպես ապակառուցողական ընդդիմախոսություն, չեն տարբերակել դրանք, իսկ երբեմն էլ չափից ավելի հանդուրժող են եղել, ու դա բերել է կուսակցության վերաբերյալ հանրային բացասական ընկալման սրման։
«Որոշ կարևոր բարեփոխումներ կյանքի էին կոչվում առանց բավարար նախապատրաստական և բացատրական աշխատանքի` պարարտ հող ստեղծելով անհիմն քննադատության համար, երբեմն էլ անհրաժեշտ փոփոխությունները դանդաղում էին», – նշվում է նախագծում։
Հանրապետականները խոստովանում են, որ չեն կարողացել ապահովել գործազրկության ցածր մակարդակ, արհեստավարժ կադրերի պատրաստում, ինչպես նաև սոցիալական արդարություն, կոռուպցիայի ցածր մակարդակ և այլն։