Մխիթարյանը նշել է, թե ինչով է տարբերվում այսօրվա «Արսենալը» նախորդից
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից առաջ տված մեկնաբանությունում խոսել է Ունայ Էմերիի ղեկավարությամբ ակումբում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
«Փոխվել է խաղաոճը, խաղային փիլիսոփայությունը: Բայց շատ մեծ բան չի փոխվել, այլ ավելացվել է այն հիմքի վրա, որ Արսեն Վենգերը դրել էր 22 տարվա ընթացքում: Ակումբային մշակույթն է մի փոքր փոփոխվել ակումբի ներսում և դրանից դուրս: Խաղացողներն էլ ամբողջությամբ հարմարվել են Էմերիին, այն ամենին, ինչ նա պահանջում ու սպասում է մեզնից:
Հիմա մարդիկ մեզ ավելի շատ են հավատում, քանի որ մի փոքր այլ կերպ ենք խաղում: Մենք նրանց վստահություն ենք փոխանցում, քանի որ խաղում ենք այնպես, ինչպես իրենք են ուզում: Մենք գոլեր ենք խփում, խաղեր հաղթում, և դա լավագույն զգացողություններն են երկրպագուի համար:
«Լիվերպուլի» հետ խաղում հենց առաջին րոպեից բոլորը մարզադաշտում զգում էին այդ մթնոլորտը: Երկրպագուները մեծ դեր են խաղացին, երբ մենք հավասարեցրեցինք հաշիվը «Լիվերպուլի» դեմ խաղում, քանի որ նրանք մեզ անընդհատ առաջ էին մղում, ու մենք ի վերջո խփեցինք:
Շնորհիվ նրանց՝ հույս ունեմ կրկին զգալ այդ մթնոլորտը՝ յուրաքանչյուր խաղում»,-ասել է Մխիթարյանը: