Ցանկացած մեկը, ով մասնակցում է ընտրություններին, մրցակից է. ԿԳ նախարար
Ցուցակի վերաբերյալ հարցին կանդրադառնամ ցուցակի հրապարակումից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե որն է լինելու ցուցակում նրա տեղը և արդյոք ՀՀԿ-ին դիտարկո՞ւմ է որպես ամենաիրական ընդդիմություն, ինչպես ձևակերպում են ՀՀԿ-ականները:
«Իսկ ցանկացած մեկը, որը մասնակցում է ընտրություններին, մրցակից է, և բոլորին է պետք է հավասարապես լուրջ վերաբերվել»,-ասաց նախարարի ԺՊ-ն:
Ինչ վերաբերում է դպրոցները նախընտրական շրջանում քարոզչությունից զերծ պահելուն, նախարարի ԺՊ-ն ասաց, որ քաղաքապետարանի, մարզպետարանի վարչության պետերի հետ հանդիպել է և հերթական ցուցումներն է տվել, որ դպրոցին քարզչությունից զերծ պահեն:
«Կարծում եմ՝ նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Երևանում և այլ քաղաքում մենք այդ հարցը լուծել ենք»,-ասաց նա:
Անդրադառնալով «Տարվա լավագույն ուսուցիչ», «տարվա լավագույն դաստիարակ», «տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթի այս տարվա ավելի ուշ անցկացմանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ թեև հոկտեմբերի հինգին էր նշանակված օրը, բայց քանի որ այդ օրերը համընկան Շառլ Ազնավուրի հիշատակի արարողությունների հետ, որոշեցին հետաձգել միջոցառումը: «Չափանիշները նույնն են, ինչ նախորդ տարի, բայց ավելի շատ ուշադրություն է դարձվել ընտրության կարգին»,-հավելեց նա: