Ինչու պետք է ժողովուրդը քվե տա ՀՀԿ-ին. ներկայացնում է Վիգեն Սարգսյանը
Ինչու պետք է ժողովուրդը քվե տա ՀՀԿ-ին. որովհետև մենք երկար տարիներ լինելով իշխանություն, գիտենք մեր երկիրը շատ մանրամասն, գիտենք եղած խնդիրները եւ ամենակարեւորը՝ ունենք գործող իշխանությանն ապացուցելու բան։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
«Շատերը մեզ ասում են՝ դուք իրավունք չունեք ուղղակի թողնել գնալ, դուք պարտավոր եք միավորել ջանքերը, օգնել նոր կառավարությանը հասնել արդյունքի։ Օգնելու եւ միավորելու տարբեր ձեւեր կան։ Կամ մենք դառնում ենք մեկ կուսակցության անդամ եւ կառուցում ենք տոտալիտար հասարակարգ, կամ ունենում ենք կազմակուսակցական համակարգ, բազմակարծություն եւ դրա շրջանակներում մատնանշում ենք խնդիրները, փորձում ենք գտնել արդյունավետ լուծումները եւ դրանք տեղ ենք հասցնում»,-ասաց Վիգեն Սարգսյանը հավելելով, որ եթե ՀՀԿ-ն որոշեր չմասնակցել ընտրություններին, դա ազնիվ չէր լինի ձեռքերը լվալ ու ասել, քանի որ իշխանություն չենք, երկրի ճակատագիրը մեզ չի մտահոգում։