Ցուցակը ես եմ գլխավորելու. Վիգեն Սարգսյան
Մեծ վստահություն ունեցող իշխանությունը պետք է ունենա հակակշիռ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
«Մեր ժողովրդին մի քանի ամիս է ասում են, որ այսուհետ ինքն է իշխանություն։ Իսկ ժողովրդի ուժեղ լծակն իշխանության նկատմամբ ընդդիմությունն է։ Ես ասել եմ, որ սա առաջին առիթն է, որ ժողովուրդը կարող է կիրառել «բաժանիր, որ տիրես» սկզբունքը արդյունավետ ձեւով, ընտրած լինի վարչապետ եւ օգտագործի առաջիկա ընտրությունները ուժեղ ընդդիմություն ձեւավորելու համար»,-ասաց նա։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ հապճեպ ընտրություններ անելու քաղաքական հաշվարկն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը օգտագործելով իր բարձր վարկանիշը ստանա բավարար քվեներ եւ չկիսի իշխանությունն այլ ուժերի հետ։
«Մենք ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչներին ներկայացրեցինք այն սկզբունքներով, որով ձեւավորվելու է կուսակցության ցուցակը։ Ցուցակը գլխավորելու եմ ես, որը կազմված է լինելու ինչպես մեր կուսակցության անդամ հանդիսացող մեր ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություն ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից։ Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է ցուցակում, լինելու է նաեւ ռեյտինգային թեկնածու»,-ասաց նա՝ նշելով, որ չի ցանկանում անուններ հրապարակել, ցուցակը սահմանված ժամկետում կներկայացվի»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայացված սկզբունքները միաձայն ընդունվել են։