Աստված գիտի. Վաչե Գաբրիելյանը՝ ընտրություններում ՀՀԿ-ի ակնկալվող տոկոսների մասին
Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վաչե Գաբրիելյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կարծիքով որքան ձայն կհավաքի ընտրություններում ՀՀԿ-ն, ինչին նա արձագանքեց. «Աստված գիտի»։
Այս ընթացքում ՀՀԿ գրասենյակ են ժամանում ՀՀԿ խորհրդի անդամները, մասնավորապես, եկան նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ավ հայտարարել էր, որ դեռ չի որոշել կուսակցությունը կլքի, թե ոչ, նաեւ վերջերս սկանդալի կենտրոնում հայտնված բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ), Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ), ով վերջերս միացել էր արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքին, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը։
Նշենք, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այս պահին մեկնարկում է կուսակցության խորհրդի նիստ, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։