Ախալցխայի մոտ ավտովթարից տուժել է ՀՀ հինգ քաղաքացի. ԱԻՆ-ը ճշգրտել է տվյալները
Նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է Հայաստանի ոչ թե 6, այլ՝ 5 քաղաքացի, որոնք տեղափոխվել են Ախալցխայի և Թբիլիսիի հիվանդանոցներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր): Տուժածներ՝ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն (ծնված 1989 թ.) և Դ. Կ.-ն (ծնված 1987 թ.)՝ Ախալցխայի «Պինեո» հիվանդանոց, իսկ Ս. Կ.-ն (ծնված 2015 թ.)՝ Ախալցխայի մանկական հիվանդանոց»,- նշված է հաղորդագրությունում: