«Հանրապետություն»-ը դաշինքային հարաբերությունների կողմնակից է. Արամ Սարգսյան
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին:
Արամ Սարգսյանը պատասխանեց, որ բանակցություններ էին գնում «Քաղաքացիական պայմանագրի» հետ, քննարկվում էր միասին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը, սակայն քաղաքապետի ընտրությունները մեջտեղ եկան և ՔՊ-ն որոշեց առանձին հանդես գալ, սեփական ուժերը փորձել:
«Այդ ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն ունի ավելի շատ քվե, քան իրեն պետք է, և այդ իմաստով ՔՊ-ի հետ դաշինք կազմել, նրան ուժեղացնելու մասին խոսակցություններ այլևս չեղան: Նույնսիկ հիմա, եթե ես նորից փորձեի բանակցություններ սկսել, դրանք կսկսվեին:
Ինչ վերաբերում է «Լույս» դաշինքին, ես ներողություն եմ խնդրում այն ՀՀ քաղաքացիներից, ովքեր հույսեր էին կապել նրա հետ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համարում է, որ իրենց ուժերը բավարար են միայնակ մասնակցելու, իրենք այդպես են մեկնաբանում:
«Հանրապետություն» կուսակցությունը դաշինքային հարաբերությունների կողմնակից է: Միշտ ուզեցել եմ «Մենք» անվանումը լինի: «Ելք» և «Լույս» դաշինքների անվանումները ես եմ առաջարկել կամ պնդել, որ դրանք լինեն: Ասեմ, որ իմ առաջարկած անվանումները հաջողություն են ունեցել ու շատ եմ ուզում, որ «Մենք»-ը ևս հաջողություն ունենա»,- ասաց Արամ Սարգսյանը: