Նորվեգիան կփակի իր դեսպանատունը Բաքվում
Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտարարել է, որ Օսլոյում մտադիր են փակել Ադրբեջանում Նորվեգիայի դեսպանատունը: Հետագայում Բաքվում կգործի միայն երկրի գլխավոր հյուպատոսությունը, գրում է ադրբեջանական minval.az կայքը:
Հայտնի է, որ փոխարենը Նորվեգիան մտադիր է 2019 թվականին դեսպանատուն բացել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
«Վրաստանը Հարավային Կովկասում մեր գլխավոր գործընկերն է: Երկար տարիներ շարունակվող բարեփոխումների շնորհիվ երկիրը մոտեցել է Եվրոպային և եվրատլանտյան կառույցներին: Թբիլիսիում մեր մշտական ներկայացուցչությունը հնարավորություն կտա մեզ ավելի լավ հետևելու ամբողջ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին», - ասել է նախարարը: