ՀՀԿ ձայների 17%-ն ապահոված 3 պատգամավորները չեն մասնակցի ընտրություններին
ԱԺ ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ հաջորդ խորհրդարանում չեն լինելու: Նրանք արդեն հայտարարել են չառաջադրվելու և ընտրություններին չմասնակցելու մասին:
Նրանց թվում է Կարեն Կարապետյանը, որը 2017 թվականի ընտրություններին Լոռիում ավելի քան 40000 ձայն էր հավաքել: «Չեմ մասնակցելու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին: Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է», – նշված է Կարեն Կարապետյանի հայտարարությունում:
2017թ.-ի ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Առաքել Մովսիսյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի մասնակցի:
«Ես սկզբունքային մարդ եմ, որ ասում եմ՝ չէ, ուրեմն չէ: Չեմ դնում, ես էլ չկամ քաղաքականությունում»,- Գալա-ին փոխանցել է Առաքել Մովսիսյանը:
ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած ՀՔԴՄ ղեկավար Խոսրով Հարությունյանը նույնպես չի լինելու հաջորդ խորհրդարանում: Առավոտի հետ զրույցում նա հայտնել է, որ ՀՀԿ-ից առաջարկ ստացել է, բայց քննարկել են ու որոշել, որ չի լինելու ՀՀԿ ցուցակում:
ԱԺ պատգամավոր, Շիրակից մարզից ընտրված Արման Սահակյանը նույնպես հայտարարել է ընտրություններին չմասնակցելու և քաղաքականությունից դուրս գալու մասին:
ԱԺ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի նաև նախորդ ընտրություններին ՀՀԿ-ին ամենաշատ ձայներ բերած Արայիկ Գրիգորյանը և Սամվել Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Ալեքսանյանը, Գրիգորյանը և Կարապետյանը միասին ՀՀԿ-ին 132 հազար ձայն էին բերել՝ կուսակցության ձայների 17%-ը: