Հայաստանն ու Կորեան ձեռք են բերել առողջապահության ոլորտում համագործակցության գործնական պայմանավորվածություններ
Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Հայկ Սայադյանը պաշտոնական այցով գտնվում են Կորեայի Հանրապետությունում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այսօր Ասիական զարգացման բանկի աշխատաժողովի շրջանակներից դուրս պաշտոնական հանդիպում է կայացել Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ` առողջապահության նախարարի տեղակալ Քանգ Դոտաեի գլխավորությամբ:
«Այս հանդիպումը կարելի է համարել Հայաստանի առողջապահության նախարարության հետ հարաբերությունների ձևավորման պատմական մեկնարկ»,- նշել է Քանգ Դոտաեն:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել ոլորտի ամենատարբեր բնագավառներում`այդ թվում էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ, նաև քննարկվել են Հայաստանում` առողջապահության բնագավառում ներդրումների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Կորեայում մշակված տեխնոլոգիական լուծումների օգտագործումը մեր երկրում: