ԱԺՄ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
«Ազգային ժողովրդական միության» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին չի մասնակցի: Այս մասին ասված է կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ:
Նշվում է, որ կուսակցությունն ավելի վաղ պատրաստվել է մասնակցել 2019 թվականին կայանալիք ընտրություններին, սակայն, մասնակցության վերաբերյալ որոշումը փոխվել է այն բանից հետո, երբ որոշում է կայացվել անցկացնել արտահերթ ընտրություններ:
«Այս ամենը հաշվի առնելով՝ ԱԺՄ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:
Նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում և տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը և զարգացմանը: Մենք կգնանք այդ ճանապարհով:
Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է: Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում»,- ասված է ԱԺՄ հայտարարության մեջ։