Կառավարությունը 48,4 մլն դրամ կհատկացնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում հեղինակավոր երաժիշտների ներգրավման համար
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում արտերկրից հրավիրված պղնձափողային գործիքների երաժիշտների 2018թ. գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունը նոյեմբեր 8-ի նիստում հաստատել է մշակույթի նախարարությանը 48,4 մլն դրամ հատկացնելու նախագիծը:
Որոշման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: Ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են միայն 2018թ. համար, իսկ հաջորդ տարի նախատեսվում է գտնել այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ, որը պետբյուջեի հաշվին չի լինելու:
«ՀՀ Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական մակարդակը բարձրացնելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ավելի բարձր մակարդակով ներկայացնելու նպատակով 2013-ից Ֆիլհարմոնիկի կազմում ընդգրկվել են հրավիրված պղնձափողային գործիքներ նվագող մեծ հեղինակություն ունեցող երաժիշտներ, այդ թվում՝ Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայի և Ռուսաստանից»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ կարևորելով նախագծի ընդունումը:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ մինչ այս երաժիշտների ծախսերը հոգացել է «Լույս» հիմնադրամը, իսկ ֆինանսավորումը դադարեցնելուց հետո առաջացել է նման խնդիր: