Ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում հարցականի տակ է դրվում մեր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը. Շարմազանովը՝ Փաշինյանին
Սա ուղղակի ֆիասկո է: Մեր իշխանության անհեռատես գործողությունների արդյունքում Հայաստանը կորցրել է իր վստահությունը ՀԱՊԿ-ում, որի արդյունքում արդեն քննարկում են այլ երկրների ներկայացուցիչների նշանակումը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում է 3 թեկնածություն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչները:
«Սրա միակ պատասխանատուն Փաշինյանի իշխանությունն է: Բա ասում էր՝ փայլուն ա ամեն ինչ: Սա՞ է Ձեր փայլունը, պարո՛ն վարչապետ: Մենք Ձեզ ժառանգել ենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ Ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում հարցականի տակ է դրվում մեր՝ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը»,- ընդգծեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում է 3 թեկնածություն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչները: «Գագաթնաժողովը սկզբում կանցկացվի նեղ կազմով: Կքննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի շատ կարևոր հարցը»,- ասել է նա՝ հավելելով, որ հարցը քննարկվելու է փակ ռեժիմով: