Մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու. Հակոբյանը՝ կառավարության ներկայացուցիչներին
2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, առանց կոնկրետացնելու հարցի հասցեատիրոջը, հետաքրքրվեց, թե մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու:
«Չէ՞ որ մեր նպատակը դա է, չէ՞, չունենալ աղքատ հասարակություն, ինչքա՞ն է կրճատվելու, այս հարցի պատասխանն ունե՞նք»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Հարցին արձագանքեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ աղքատության կրճատման խնդիրը մշտապես եղել է հարցերի հարց: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ երբ քննարկվել է ծրագրային ձևաչափով բյուջեի ներկայացումը, համաձայնել են, որ, օրինակ՝ եթե ունենք բարձր արտադրողական գյուղատնտեսություն, դա, ի վերջո, կհանգեցնի աղքատության նվազեցմանը:
«Բայց Ձեր հարցը խորն է՝ ինչ չափով կնվազեցնի: Դա ենթադրում է, որ դեռ չենք հասել այդ աստիճանի՝ դատողություն անել և գնահատել, եթե Ձեզ հայտնի է, քննարկենք և գտնենք ճիշտ լուծումները»,- ասաց նա:
Հակոբ Հակոբյանը համաձայնեց, որ աղքատության կրճատումը քաղաքական գնահատական է: Միևնույն ժամանակ հարցրեց, թե երբ գրվում է բյուջետային ծրագրավորում, այդ բանաձևը պե՞տք է գտնել, թե՞ ոչ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանն արձագանքեց, որ աղքատության հաղթահարումը հնարավոր է համալիր միջոցառումների և տարբեր պետական ծրագրերի իրականացման միջոցով:
«Սկսած դպրոցական կրթությունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ լավ կրթված երեխան մեծ հնարավորություններ ունի հետագայում բարձր վաստակ ունենալու և աղքատության ճիրաններում չհայտնվելու, նաև առողջապահական համակարգ ունենալը, որ մարդը պետք է առողջ լինի, որ վաստակ ունենա, որ չհայտնվի նպաստառուների համակարգում: Ինչ վերաբերում է մեր տված միջոցներին, դա մեղմելու միջոց է, քան նպաստելու աղքատության կրճատմանը»,- ասաց նա: