Ոստիկանությունում աշխատավարձը ցածր է, 2019-ին հնարավոր է բարձրանա. ոստիկանապետ
Այս խնդիրը միշտ էլ եղել է. լինելով ոստիկանապետ ես մտահոգված եմ, որ երիտասարդ աշխատակիցը, որ ունի գիտելիքներ եւ աշխատելու ներուժ, ուզում է դուրս գալ համակարգից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ոստիկանական համակարգում խուլ դժգոհություն կա, որ մարդիկ արտաժամյա աշխատում են, որ հեռանում են համակարգից:
«Պարզապես, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ, թե ինչու են ուզում դուրս գալ: Բայց իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, որ ուզում են համատարած համակարգից դուրս գալ, դա սուտ է: Կեղծ տեղեկություններ են տարածում, թե հոսք կա, սաբոտաժ կա: Հոսք միշտ էլ եղել է, դա թույլատրելի սահմաններում է: Որքան դուրս են գալիս, նույնքան էլ ցանկություն կա համակարգում վերականգնվելու»,-հայտարարեց Օսիպյանը:
Նա չբացառեց, որ ոստիկանության մեծ ընտանիքում կլինեն նաեւ դժգոհողներ. «Կան մարդիկ, որ 4-5 հոգով չեն կարողանում լոյա գնալ, պատկերացրեք բազմահազարանոց համակարգ է, կան մարդիկ, որ լավն էլ անես, դժգոհելու են, վատն էլ անես՝ դժգոհելու են: Մարդ կա գիշեր-ցերեկ աշխատում է, չի դժգոհում, մարդ էլ կա բան չի անում, բայց դժգոհում է: Այդ բան չանողներից մենք պատրաստ ենք ազատվել»:
Ինչ վերաբերում է համակարգում առկա աշխատավարձին, Օսիպյանը խոստովանեց, որ իսկապես այն ցածր է. «Այո, միանշանակ, ցածր է, չի համապատասխանում իրական կյանքին: Չբացառենք, հնարավոր է, որ 2019-ին բարձրանա աշխատավարձը»,-ասաց նա: