Այն կառույցում որտեղ կկայանա ԼԳԲՏ ֆորումը, մենք համարում ենք, որ այդ կառույցը պղծվելու է. Արագած Ախոյան
«Ասում են, թե ԼԳԲՏ ֆորումը կարող է տեղի ունենալ Հանքավանում կամ Ծաղկաձորում: Ես կարծում եմ, որ այն կազմակերպությունները, որոնք տեղ կտրամադրեն նման միջոցառումներ անցկացնելու համար, մեր ժողովուրդը պետք է բոյկոտի: Մենք համարում ենք, որ այդ կառույցները պղծվելու են»,- ԼԳԲՏ ֆորումի հնարավոր անցկացմանն անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասել է Արագած Ախոյանը:
Նրա կարծիքով՝ այդ ֆորումն իրական սպառնալիք է մեր պետության համար և վտանգ է ներկայացնում ապագա սերնդի համար:
«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ ղեկավարը Սևան Աղաջանյանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ իրենք նախաձեռնել էին ու «ազատագրել» Երևանի քաղաքապետարանի հարակից մանկական այգին տրանսսեքսուալներից:
«Մենք ֆիքսել ենք, որ տրանսսեքսուալը մանկական զբոսայգում ԼԳԲՏ քարոզչությամբ էր զբաղվում: Նա անչափահասներին իր սեռական պատկանելության մասին պատմում էր, ներկայացնում էր, թե ինչ ծառայություններ են մատուցում: Այդ այգում ԼԳԲՏ-ները հավաքվում են, ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում՚՚»,- ասել է Սևան Աղաջանյանը:
ՀԿ-ի ղեկավարը տեղեկացրեց, որ իրենք կարողացել են ճշտել ու պարզել, որ ֆորումի մասնակիցներից մի քանիսը ժամանել են Էստոնիայից և ներկայում ընթանում են կազմակերպչական աշխատանքներ:
ՀԿ ղեկավարի խոսքով՝ իրենց խնդիրը ներկայումս «ՀՀ-ում այլասերության քարոզչության կանխումն է»:
«Մեզ համար շատ տարօրինակ է, որ վարչապետը ԼԳԲՏ-ների մասին ոչ մի դիրքորոշում չհայտնեց: ԿԳ նախարարի քայլերն են ինձ համար շատ անհասկանալի, նա հանդիպում է տրանսսեքսուալի հետ, իսկ օրինակ՝ հենց Կառավարության շենքի դիմաց «Զատիկ» մանկատան անդամներին ուշադրություն չեն դարձնում»,- հայտարարեց Սևան Աղաջանյանը: