ԱԳ փոխնախարար` ՝ ՀԱՊԿ գագաթաժողովում գլխավոր քարտուղարի ընտրության մասին
Հավանաբար արդեն տեղյակ եք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ եւ առաջարկությամբ: Այս մասին, այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը եւ հարց ուղղեց, թե արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն քննարկվելու է այդ գագաթաժողովում, արդյոք Հայաստանը ներկայացնելու է թեկնածություն եւ եթե ներկայացվի այն որքանով է հավանական, որ կհաստատվի:
Ի պատասխան Կարեն Նազարյանն ասաց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որեւէ կերպ կարգավորված չէ: Հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են: Ես չէի կանխատեսի նոյեմբերի 8-ի քննարկումները, դրանք փակ են լինելու»:
Հիշեցնենք, որ օրերս Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Արդեն մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնում Հայաստանն առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Թեկնածու է առաջադրելու նաեւ Բելառուսը: