Հողի հարկի ու գույքահարկի գծով պետության կողմից չի լինելու որևէ զիջում. Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախքան օրակարգային հիմնական հարցերին անցնելը՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը մարզպետների հատուկ ուշադրությունն է հրավիրել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա՝ ընդգծելով դրանց լիարժեք պատրաստված և կազմակերպված լինելու անհրաժեշտությունը։
Այնուհետև Սուրեն Պապիկյանն ամփոփել է նախորդ խորհրդակցությունների արդյունքում մարզպետներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը՝ նախարարի պաշտոնակատարը մարզպետների առջև խնդիր է դրել անհատական կերպով աշխատել բոլոր համայնքապետերի հետ, բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում առ այն, որ հողի հարկի ու գույքահարկի գծով պետության կողմից չի լինելու որևէ զիջում՝ ինչը պայմանավորված է օրենքի և պետական բյուջեի առջև ունեցած պարտավորություններով։
Սուրեն Պապիկյանը ներկաներին հայտնել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրային հայտերի նախապատրաստման և ֆինանսական պլանավորման գործընթացում առաջացած տեխնիկական ու ընթացակարգային բարդություններից խուսափելու նպատակով նախարարության կողմից հաջորդ տարվա համար կմշակվեն հայտերի կազմման և ներկայացման նորացված ընթացակարգեր։
Խոսելով մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման նպատակով տարվող նախապատրաստական աշխատանքների մասին՝ նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ մարզում այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների կատարած աշխատանքների որակը ու դրանց ծախսերի արդյունավետությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային և համայնքային ենթակայության կազմակերպություններում ջեռուցման համակարգերի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև մարզերի առողջապահական կազմակերպություններում կուտակված պարտքերի նախադրյալների բացահայտմանը վերաբերող հարցեր։