Ինչպե՞ս իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. ԱԺ-ն քննում է հնարավոր տարբերակները
ԱԺ տնտեսական հարցերի հանձաժողովը քննում է գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու հնարավորությունը: ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ ներդրումներ են կատարվել ցանցում և ինչպես է ձևավորվում էլեկտրաէներգիայի սակագինը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը խնդրեց ներկայացնել 20-30 բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի տեսակարար կշիռը:
ՀԷՑ գլխավոր տնօրենն ասաց, որ այսօր պատրաստ չէ ներկայացնել այդ թվերը, սակայն հաջորդ նիստին կգա պատրաստված: Կարեն Հարությունյանը նաև ասաց, որ իրենց շահութաբերությունը կազմում է 5 տոկոս: Դա միջազգայնորեն ընդունված մեթոդաբանություն է:
Միքայել Մելքումյանը նաև խնդրեց ներկայացնել, թե ինչ ներդրումներ են կատարվել ցանցի կորուստները նվազեցնելու ուղղությամբ: ՀԷՑ տնօրենը պատասխանեց, որ իրենց ներդրումային ծրագրերը որոշակի հաջողություն են գրանցել, և կորուստներն այժմ կազմում են 11.3 տոկոս, և դա կրկին ֆիքսված միջազգային մեթոդաբանությամբ պահպանվելու է մինչև 2023 թվականը: Միքայել Մելքումյանն ասաց՝ կարելի է փոխել մեթոդաբանությունը, քանի որ հայտնի է, որ յուրաքանչյուր 1 տոկոս կորստի նվազեցումը հանգեցնում է սակագնի 0.3 տոկոս նվազեցման:
Մելքումյանը նաև ասաց, որ պետք է մի քանի սցենարներ քննարկել ու հասկանալ, թե ինչ ուղիներ կան էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ուղղությամբ: ՀԷՑ տնօրենն ասաց, որ հնարավոր է ՀԷՑ-ից 150 աշխատող օպտիմալացվի: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանն էլ տեղեկացրեց, որ կրճատումներ կլինեն նաև Հայաստանի ատոմակայանում: