Թբիլիսիի կենտրոնում Սալոմե Զուրաբիշվիլիի կողմնակիցները անցկացրել են «Ո՛չ Միշային» կարգախոսով ակցիա
Այսօր Թբիլիսիի կենտրոնում անցկացվել է «Ո՛չ Միշային – ո՛չ Ազգային շարժմանը» կարգախոսով ակցիա, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների առավելագույն համախմբվածության անհրաժեշտության մասին, որպեսզի թույլ չտան իշխանության վերադառնալ նախկին իշխող «Ազգային շարժում» կուսակցությանը:
Վրաստանում հոկտեմբերի 28-ին անցկացվել էին նախագահական ընտրություններ, որի ժամանակ 25 թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ 50 տոկոս ձայն չէր ստացել: Մինչև դեկտեմբերի 2-ը կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, որին կմասնակցեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից աջակցվող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին (38,64 տոկոս) և Գրիգոլ Վաշաձեն (37,73 տոկոս), որը «Միասնական ազգային շարժման» անդամ է և առաջադրվել է 11 ընդդիմադիր կուսակցությունների միավորման կողմից:
Այսօրվա հանրահավաքին մասնակցել են հասարակության և շոու բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն մասնակցել են Զուրաբիշվիլիի նախընտրական արշավին՝ բանաստեղծ Դավիթ Բագրաձեն, ռեժիսոր Գոգա Խաինդրավան և այլք:
Ակցիային մասնակցել են նաև «Իմեդի» հեռուստաընկերության հիմնադիրներն ու հոգաբարձուների խորհրդի անդամները: Ինչպես հայտնի է, հեռուստաընկերությունն աշխատում է արտակարգ ժամանակացույցով՝ կապված ընտրությունների երկրորդ փուլի հետ, որպեսզի «ռեժիմը չվերադառնա»: «Ռուսթավի 2»-ի տեղեկություններով դրա պատճառով «Իմեդիից» հեռացել են 2 լրագրողներ: Հեռուսատաընկերության կառավարիչ Իրակլի Ռուխաձեն հայտարարել է, որ «Իմեդիի» տեղեկատվական քաղաքականությունը նրանց հեռանալու հետ կապ չունի:
Մինչև ընտրությունների երկրորդ փուլը «Ո՛չ Միշային» հանրահավաքի կազմակերպիչները ծրագրել են Թբիլիսիում և շրջաններում անցկացնել համանման մի քանի ակցիաներ: Արդեն հայտնի է, որ հաջորդ ակցիան տեղի է ունենալու նոյեմբերի 7-ին մայրաքաղաքում: