Հայաստանի հավաքականը վերջին տուրում պարտվեց Անդորրային
Խորվաթիայում կայացան Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի բոլոր հանդիպումները:
Հայաստանի Մ17 հավաքականն ավարտեց իր ելույթները` խմբային փուլում այդպես էլ չդառնալով ոչ մի գոլի հեղինակ ու պարտություն կրելով բոլոր խաղերում:
Մեր ընտրանին առաջին տուրում 0:3 հաշվով պարտվեց Խորվաթիային, երկրորդ տուրում էլ նույն հաշվով զիջեց Իտալիայի հավաքականին:
Այսօր կայացավ երրորդ տուրի հանդիպումը, որտեղ Կարեն Բարսեղյանի ֆուտբոլիստները մրցեցին Անդորրայի իրենց հասակակիցների հետ: Մեր թիմը կրկին պարտություն կրեց 0:3 հաշվով:
Անդորրայի հավաքականը խաղի ելքը վճռեց 21 րոպեի ընթացքում: 5-րդ րոպեին հաշիվը բացեց Բելիդիոն, 16-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմերոն, իսկ 21-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռոսասը:
Հավելենք, որ մեր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իտալիան` 9 միավորով: Խորվաթիան երկրորդն է` վաստակած 6 միավորով, իսկ Անդորրայի ընտրանին, մեզ հաղթելու շնորհիվ, մրցաշարն ավարտեց 3 միավորով` 3-րդ տեղում: