Փոքր բիզնեսի նկատմամբ վարչարարություն չենք իրականացնելու. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հետ զրույցում արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գործարարների հետ լարվածություն կա, նշեց, որ վարչապետն այդ հայտարարության համար իր հիմքերն է ունեցել:
Նա նշեց, որ գործարարների դեպքում լարվածություն կարող է լինել նրանց հետ, որոնք այս կամ այն քրգործի շրջանակներում հրավիրվել են որոշակի բացատրություններ տալու կամ իրենց վարքագիծը քրեաիրավական գնահատականի առումով անբարենպաստ է եղել իրենց տեսանկյունից:
Պետբյուջեի նախագծից սպասելիքների վերաբերյալ նա ասաց.
«Այն բոլոր փոփոխությունները, որոնք, ըստ էության, վատացնող են, հավելյալ հարկ, պարտավորություններ, նոր պատասխանատվության շրջանակ են ավելացնում: Իրավունքի տեսանկյունից իրավունք չունենք վեց ամսից շուտ, այսինքն`պետք է գործողության մեջ դնենք դրանց ընդունումից հետո`յոթերորդ ամսվա 1-ից: Մենք երբ կարող ենք ԱԺ-ում այդ փաթեթը անցկացնել, լավագույն դեպքում դեկտեմբերին, հետևաբար փոփոխություններ պետք է սպասենք երևի թե հուլիսի 1-ից»:
ՊԵԿ նախագահն ասաց, որ իրենց վարչարարությունը պետք է ավելի հասցեական ու արդյունավետ դարձնել` ամեն մեկը պետք է նպաստի, որ մեր տնտեսությունը զարգանա, օրինակ, ՀԴՄ կտրոն պահանջելով: Անանյանը խոստացավ` հարկային մարմինները ոչ մեկին չեն նեղելու, արդյունավետ վարչարարություն իրականացնելու են կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ:
«Ավելի լավ է մենք հարկային վարչարարության արդյունավետության տեսանկյունից միջինից բարձրների վրա ուշադրություն դարձնենք, որովհետև ավելի լավ է մի տեղ գնաս, քան հարյուր տեղ, հետևաբար մենք փոքրիկներին օրենքի տեսանկյունից դարձնելու ենք անխոցելի, վարչարարություն չենք իրականացնելու, միկրոբիզնեսով զբաղվողների մոտ չենք իրականացնելու, միջինից բարձրների մոտ հասցեական վարչարարություն ենք իրականացնելու կոնկրետ վարքագիծն ուսումնասիրելուց հետո»,- ասաց նա: