Չէի ասի, որ բյուջեն իներցիոն է, համենայնդեպս՝ հարկային եկամուտների մասով․ Անանյան
«Ես չէի ասի, որ բյուջեն իներցիոն բյուջե է, համենայնդեպս՝ հարկային եկամուտների մասով, որովհետև բավական մեծ ցուցանիշ է դրված, և այդ ցուցանիշը մենք աշխատելու ենք ապահովել»,- ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ընթացքում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Սրանով, ըստ էության, կոմիտեի նախագահը հակասության մեջ մտավ կառավարության ներկայացուցիչների ու նաև վարչապետի պաշտոնակատարի այն հայտարարությունների հետ, թե 2019 թվականի բյուջեն իներցիոն է և հիմնականում մնացել է նախորդ իշխանություններից։ Անանյանը, սակայն, ուղղեց իրեն ու ասաց, որ իներցիոն է այնքանով, որքանով շարունակությունն է նախորդ տարիների մեթոդաբանությունների։
Նա նշեց, որ շրջանառության աճը մեծ չէ և չի գոհացնում իրենց։
«Այո՛, կար և այսօր էլ պահպանվել է, կա որոշակի զարթոնքային իրավիճակ, որ մարդիկ ուզում են փաստաթղթավորել իրենց գործարքները։ Կա հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության բավարար մակարդակ, որը նաև նպաստում է դրան։ Բայց քանի դեռ մենք, որպես կառավարություն, կյանքի չենք կոչել մեր մտադրությունը հարկային օրենսդրության փոփոխությունների առումով, մենք այսօր վարչարարության և ժողովրդի իրավագիտակցության որոշակի բարձրացման շնորհիվ է, որ էս փաստաթղթավորման որոշակի մակարդակ ենք ապահովում»,- ասաց Անանյանը։