Բրազիլիայի նորընտիր նախագահը մտադիր է երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցել է Բրազիլիայի ընտրված նախագահ Ժաիր Բոլսոնարուի՝ երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ծրագրին, փոխանցում է DW-ն:
Բոլսոնարուն ավելի վաղ թվիթերյան էջում հայտնել էր, որ նախընտրական արշավի ժամանակ հայտարարած իր մտադրությունների համաձայն Բրազիլիան իր դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ: «Իսրայելը ինքնիշխան պետություն է, եւ մենք դա կհարգենք»,- ասել է Բոլսոնարուն: Նա հայտարարել է, որ Իսրայելն ինքնուրույն է որոշում, թե որտեղ է գտնվում իր մայրաքաղաքը:
Բոլսոնարուն չի կարծում, որ դեսպանատան տեղափոխությունը բացասական ազդեցություն կունենա արաբական երկրների հետ Բրազիլիայի հարաբերությունների վրա:
Բոլսոնարուի երդմնակալությունը տեղի է ունենալու 2019 թվականին հունվարի 1-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերին հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Պաղեստինի ինքնավարության բնակիչների զանգվածային բողոքը հարուցած տեղափոխությունը տեղի էր ունեցել 2018-ի մայիսին: Բողոքի ակցիաների ժամանակ զոհվել էր ավելի քան 60 մարդ: ԱՄՆ օրինակին էին հետեւել Գվատեմալան եւ Պարագվայը, բայց վերջինը շուտով դեսպանատունը վերադարձրել էր Թել Ավիվ: