ԱԺ արձակումից հետո Փաշինյանի կառավարության և երկրի համար վտանգները չեն վերացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց. երեկ, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետ, և Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` արձակվեց:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին հրամանագիրը: Գաղտնիք չէ, որ այս խորհրդարանը չուներ լեգիտիմություն, այն ձևավորվել էր համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում:
Իսկ արդեն այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանը ոչ միայն չէր արտացոլում հասարակական տրամադրությունները, այլև ստեղծվել էր սահմանադրական ճգնաժամ, երբ խորհրդարանում վերացել էր սահմանադրությամբ նախատեսված կայուն մեծամասնությունը:
Ուստի այդ իրավիճակում ԱԺ արձակումն այլընտրանք չուներ: Միայն թե նկատենք` ԱԺ արձակումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության և, ընդհանրապես, երկրի համար վտանգները չեն վերացել:
Արձակված խորհրդարանը շարունակելու է պահպանել բոլոր լիազորությունները մինչև նոր ԱԺ ձևավորումը: Եվ այս իրավիճակում մեծ է վտանգը, որ թվաքանակով դեռևս ամենամեծ խմբակցությունը համարվող ՀՀԿ-ն կոալիցիոն նախկին գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին Փաշինյանի կառավարության գործունեությունը խոչընդոտելու համար սկսեն ամենատարբեր օրենքներ ընդունել` արհեստականորեն լարելով իրավիճակը:
Ի վերջո, նրանք այլևս կորցնելու որևէ բան չունեն: Հուսանք` ՀՀԿ-ն այս ընթացքում չի ընկնի որևէ մեկի ազդեցության տակ ու չի փորձի նման բաներ անել, այլ կգերադասի արժանապատիվ կեցվածքով իշխանությունից հեռանալը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: