Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ. պաշտպան
Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա է նկատվում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
«Իմ պաշտպանյալը բժիշկների ամենօրյա հսկողության տակ է, ամեն օր ներարկումներ է ստանում»,–ասաց նա՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է։
Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հիմքեր առկա չեն, Բաղդասարյանն ասաց.
«Չկա որեւէ հիմք, որ իմ պաշտպանյալը մնա կալանքի տակ։ Իմ պաշտպանյալին անօրինական կալանքի տակ պահելու միտում եմ տեսնում, բայց դժվարանում եմ ասել, թե պատճառը որն է»,–ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 19–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու եւ նրան գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջնորդությունը։
Պաշտպանական կողմը, որպես գրավի չափ նշել է 10 մլն դրամը, որը դատարանն իր հայեցողությամբ ողջամիտ սահմաններում այն կարող է ավելացնել։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 1–ին կառավարության նիստից հետո ՀՔԾ պետ Սուսուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՔԾ-ն մտադրություն չունի Գրիգորյանի կալանքը փոխելու նախաձեռնությամբ հանդես գալու, քանի որ չեն վերացել նրան՝ կալանքի տակ պահելու հիմքերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն: