Ավարտվել է «Երեւան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 7-րդ տարեշրջանը
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը ամփոփել է «Երեւան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի 7-րդ տարեշրջանի արդյունքները: Ըստ այդմ, 2018թ. մարտ-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 6500 այցելու, որից 3500-ը՝ զբոսաշրջիկ։ Երթուղուց օգտված օտարերկրացիների գերակշիռ մասը եղել են ՌԴ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իրանից եւ Ֆիլիպիններից ժամանած զբոսաշրջիկները։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Երեւան Սիթի Տուր» ծրագրի սկզբունքներից ելնելով այս տարի եւս դպրոցահասակ երեխաների, ուսանողների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվել են սոցիալական նշանակության բազմաթիվ ծրագրեր:
Ծրագրի շրջանակում 2018թ. մշակվել եւ իրականացվել են երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսների վերաբրենդավորման աշխատանքներ, նոր եռալեզու թռուցիկների տպագրություն:
«Երեւան Սիթի Տուր» ծրագրի համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինն ակտիվորեն համագործակցել է մի շարք տեղական զբոսաշրջային պարբերականների («Արմենիա տուրիստական», «Տուրիինֆո», «8Days», «Երեւանռեստո», «Արմենիա» ավիաընկերության ամսագիր), ինչպես նաեւ «Երեւան քարտ», «I am Armenia» կազմակերպությունների հետ: «Երեւան Սիթի Տուր» զբոսաշրջային էքսկուրսիաների կազմակերպումը կվերսկսվի 2019թ. գարնանը: