Մի շարք վարկերի տուժանքների չափը սահմանափակելու նախագիծը չընդունվեց
Կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում բացասական եզրակացություն տվեց հիփոթեքային բոլոր վարկերի և երեք միլիոն ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարի հիսուն տոկոսի չափով սահմանափակելու նախագծին:
Նախագծով, ըստ կառավարության, առկա չէ հիմնավորում կամ որևէ հաշվարկ պարտավորությունների՝ 3 միլիոն դրամի շեմի սահմանման կապակցությամբ: Նախագծով առաջարկվում է տուժանքի հանրագումարի սահմանափակումը հիփոթեքի դեպքում կիրառել անկախ գործարքի գնից, մինչդեռ հարկ է նշել, որ եթե նախագծի ընդհանուր նպատակը ֆիզիկական անձանց կողմից բնակարանի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերի դեպքում տուժանքների սահմանափակումն է, ապա այդ առումով նախագիծը հստակեցման կարիք ունի:
Նախագծով նաև նախատեսվում է դատարանին և ֆինանսական համակարգի հաշտարարին հնարավորություն տալ պակասեցնելու տուժանքի չափը, եթե այն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին: Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն տալու մի շարք հիմնավորումներ ներկայացրեց:
Ըստ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի`յուրաքանչյուր նմանատիպ հավելյալ սահմանափակում որոշակի ռիսկի բեռ է պարունակում, որը կարող է տեղափոխվել ֆինանսական շուկա, և այն իր արտացոլումը կտեսնի վարկերի տոկոսադրույքների բարձրացումով: